ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ` հանրապետությունում թռչնաբուծության ոլորտի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարները համատեղ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Հանդիպման սկզբում նախարարը տեղեկացրել է, որ 2022 թվականից Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ աճելու է, ինչը պետք է դիտարկել որպես հնարավորություն հանրապետությունում թռչնաբուծության ոլորտը զարգացնելու համար։ Վահան Քերոբյանը հորդորել է համատեղ քննարկումների արդյունքում գտնել արդյունավետ միջոցներ թռչնամսի և հավկիթի տեղական արտադրության ծավալներն ավելացնելու և արտահանումը խթանելու համար:
Խոսելով խնդիրների մասին, էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է, և անհրաժեշտ է ապահովել բիզնեսի համար ֆինանսների հասանելիությունը, օգնել տեղական արտադրողին գործարկել իր ողջ ներուժը և ստեղծել մոդեռնիզացված շուկա։
Ընդգծելով ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար գործնական քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ պետությունն արդեն իսկ այս ուղղությամբ որոշակի գործողություններ է իրականացնում։ Որպես օրինակ նա, մասնավորապես, նշել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները, որոնց համաձայն ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի սահմանաչափը 450.0 մլն դրամից կբարձրանա մինչև 1 մլրդ դրամ։
«Հայաստանի թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը համառոտ ներկայացրել է թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը և նշել, որ թռչնամսի արտադրության ծավալների տեսանկյունից ամենահաջողված տարին համարվում է 2019 թվականը։ Նրա խոսքերով՝ 2020 թվականի արդյունքները թեև փոքր-ինչ զիջում են նախորդող տարվա ցուցանիշներին, սակայն բավարար են, ինչը մասամբ պայմանավորված է եղել համավարակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին շուկաներում տեղական թռչնամսի և հավկիթի բարձր որակի ապահովմանը և մրցունակության բարձրացմանը, իրացման շուկաների ընդլայնմանը, ձվի արտադրության շուկայի օրենսդրական կարգավորմանը, ներմուծվող թռչնամսի որակի վերահսկողության խստացման անհրաժեշտությանը, ոլորտում պետական այլ մեխանիզմների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից։
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ բարձրացված բոլոր խնդիրները նախարարության կողմից հանգամանորեն կուսումնասիրվեն և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: