Հունվարի 20-ին առցանց հարթակում կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի» 8-րդ աշխատաժողովը, որին մասնակցում էին ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը, կարևորեցին նաև Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի վերջնական տեսքի բերման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հարթակի ընթացիկ ծրագրերն ու 2021 թվականի աշխատանքային պլանը և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Արոտավայրերի կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի» նկարագրության և «Արոտավայրերի կայուն կառավարման ոլորտում ՏԻՄ լիազորությունների և գործառույթների իրականացման» մեթոդական ուղեցույցի մշակման ուղղությամբ տարված աշխատանքը:
ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: