ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման օրակարգն ընդգրկում էր հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի լայն շրջանակ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և մինչև տարեվերջ ներկայացնել այն առարկայական համաձայնությունները, որոնք պետք է լինեն հետագա ներդաշնակ գործողությունների հիմքում։ Միաժամանակ նախարարը գոհունակությամբ նշել է, որ մի շարք կետերի շուրջ արդեն իսկ գրանցվել են փոխհամաձայնություններ։
Երկուստեք ընդգծվել է միասնական ուժերով, փոխգործակցությամբ և երկու կողմերում առկա պետական օժանդակության գործիքակազմի կիրառմամբ պարենային անվտանգության և պարենային ապահովության կարևորությունը։ Պարենային անվտանգության ապահովման համատեքստում հստակեցվել է, որ խնդիրը պետք է դիտարկել մեկ ընդհանուր նկարի մեջ և համադրել երկու պետությունների հնաարավորությունները պարենային անվտանգության բարձրացման նպատակով։ Այս առումով Տիգրան Խաչատրյանը նշել է․
«Մեր բոլոր գործողություններն, ի վերջո, երկու կարևոր խնդիր լուծելու նպատակ ունեն՝ Արցախի և Հայաստանի ժողովրդին ապահովելու տեղական արտադրության բավարար քանակությամբ սնունդով, որը միաժամանակ լինի որակյալ։ Եվ կարծում եմ, որ այն մեթոդները, որոնք մեր կողմից մշակված են և որպես ծրագիր առաջարկված կիրառության համար, այդ նպատակին են ծառայում»։
Նախարարը նաև կարևորել է ենթակառուցվածքների դերը՝ նշելով․ «Ենթակառուցվածքները պետք է լինեն պատրաստ և հասանելի գյուղացիական, ֆերմերային տնտեսությունների համար, մյուս կողմից բնակչությունը պետք է պատրաստ լինի այդ ենթակառուցվածքները օգտագործել իրեն անհրաժեշտ ծառայություններ ապահովելու տեսանկյունից»։
Իր խոսքում Աշոտ Բախշիյանը նշել է, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև ձևավորվել են շատ ջերմ հարաբերություններ, որոնք կարող են գործնական ոլորտում միասնական հաջողությունների լուրջ խթան հանդիսանալ։
Այնուհետև ԱՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Արցախի ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։ Մասնավորապես, նրա տեղեկացմամբ, Արցախում արդեն իսկ մեկնարկել է համատեղ նախագծված ցորենի արտադրության ծրագիրը՝ հաշվի առնելով Արցախի գյուղատնտեսական ռեսուրսները և ցորենի մշակման առանձնահատկությունները: Ինտնեսիվ այգեգործության ծրագրի շրջանակում տրամադրվել են նախահաշվարկային բոլոր տեղեկանքները և փաստաթղթերը, արցախյան կողմը համանման ծրագիրը բերել է նախագծային տեսքի: Ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում ուսումնասիրվել է Հայաստանում գործող պետական աջակցության ծրագիրը, Արցախում նախատեսվող ծրագիրը ևս բերվել է նախագծային տեսքի:
Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիրը տրամադրված տեղեկատվության հիման վրա արցախյան կողմը բերել է նախագծային տեսքի: ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կկրկօրինակվի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրը։
ԱՀ գյուղատնտեսության նախարարության ուուշադրության կենտրոնում է նաև սպանդանոցային մորթը: Հանդիպման ընթացքում ԱՀ գործընկերներին պարզաբանումներ են ներկայացվել սպանդանոցների քարտեզագրման, նոր սպանդանոցների հիմնման պետական աջակցության մեխանիզմների վերաբերյալ: Անասնաբուժության ոլորտում քննարկվել են երկու պետություններում միջսահմանային հիվանդությունների կանխարգելմանն առնչվող հարցեր: Սպանդանոցների կառուցումը խթանելու նպատակով նախագծվել է համապատասխան աջակցության ծրագիր:
Քննարկվել են նաև գյուղատնտեսության որոտում նոր ներդրումների ներգրավմանը, պետական աջակցության գործիքակազմի ենթակառուցվածքների զարգացմանը, վերամշակման ոլորտներում առավել արդյունավետ քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր։
Արցախյան պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է արցախցի գործընկերների հետ մինչ այժմ ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքն ու հետագա անելիքները։