ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանի և Տիգրան Գաբրիելյանի, ինչպես նաև Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունքները։
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը
Ամփոփ տեղեկատվություն գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ
2019 թվականի ընթացքում մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր, որոնց հիմքում դրված է գյուղատնտեսական գործունեության արդյունավետության, գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսությունում տնտեսավարողի ֆինանսական բեռի թեթևացումը.
- Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն դրամ։
- Մեկնարկել է «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը»: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողների կողմից ներկայացվել է 185 դիմում, կնքվել է 18 պայմանագիր, տրամադրվել է մեկ փոխհատուցում՝ 8.75 մլն դրամ գումարի չափով և ուսուցման արդյունքում 104 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր։
- Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն. դրամ արժեքով 1 միավոր վարկ։
- Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը», որի շրջանակներում 2019 թվականի ինն ամսվա պաշտոնական տվյալներով տրամադրվել է 6443 միավոր վարկ՝ 25.2 մլրդ դրամ գումարի չափով, իսկ ըստ տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61 տոկոսով:
- Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 12 միավոր վարկ, 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվն ավելացել է 13 անգամ:
- Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 30-ի դրությամբ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով տրամադրվել է 328.1 մլն դրամ գումարի 16 միավոր վարկ, 185.8 հա-ի ներդրման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.5 մլն դրամ, իսկ փոխհատուցման եղանակով 6 շահառուի 50.14 հա-ի ներդրման համար տրամադրել է 8.3 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 11.8 տոկոսով:
- Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը», որի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 4.6 մլն դրամ արժեքով վարկ:
- Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում ընթացիկ տարում՝ 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 91 հայտ 2372.9 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 36.9 մլն դրամ։ Ընթացիկ տարում ծրագրի շրջանակներում՝ ագրոպարենային ոլորտում կատարվել են շուրջ 2.4 մլրդ. դրամի ներդրումներ և ձեռք է բերվել 328 միավոր սարքավորում: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 15 անգամ, իսկ տրամադրված լիզինգի գումարը՝ շուրջ 130 անգամ:
- Այս տարի լրամշակվել և անհրաժեշտ փոփոխությունների է ենթարկվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի, որի շրջանակներում ընթացիկ տարում՝ 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է 89 հայտ 9.9 մլրդ դրամի չափով։ Հաստատված հայտերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 8943 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 315.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը ավելացել է շուրջ 59 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 70 տոկոսով:
- «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։
- «Հողերի գլոբալ գործընկերության 2-րդ փուլի շրջանակներում իրականացվող հողերի կայուն կառավարման խթանմանը աջակցություն» ծրագրի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության (FAO) միջև ստորագրվել է ծրագրային փաստաթուղթ, որի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականին։
- Հողերի չօգտագործման խնդիրների նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման՝ հողային բանկերի ստեղծման միջոցով հողի շուկայի զարգացման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է 279 000 ԱՄՆ դոլարի տեխնիկական համագործակցության հուշագիր։