Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության կազմի փոփոխություններին, ասաց, որ ինչպես վարչապետը հայտարարել է, դրա նպատակը խնայողությունները չեն, որ պետք է ստեղծվեն այս կամ այն կառույցում աշխատակիցների քանակի կրճատման արդյունքում:
«Նպատակն այն է, որ ավելի քիչ ռեսուրսով ավելի շատ ծառայություններ հասարակությանը մատուցվեն, քանի որ պետական կառավարման համակարգն ինքնանպատակ չէ, դրա նպատակը ձևավորելն է այնպիսի կառույցներ, որոնք, հանրային շահը հաշվի առնելով, մատուցում են լավագույն ծառայություններ: Վարչապետի պահանջը մեկն է և միանշանակ` ապահովել բարձր որակի ծառայություններ՝ ունենալով համոզվածություն, որ այսօր եղած վիճակն այնպիսին է, որ ռեսուրսները լավագույն ձևով չեն օգտագործվում»,- ասաց նա:
Նախարարի դիտարկմամբ` կան որոշակի կառույցներ, որոնք գործառույթներ են իրականացնում, որոնց նկատմամբ հասարակական պահանջ չկա, գործառույթներ, որոնք կարող են շատ ավելի լավ իրականացնել և գործառույթներ, որ առ այսօր չեն իրականացվում, բայց անհրաժեշտ են:
Դիտարկմանը, թե արդյունքում գործազրկությունը կավելանա, քանի որ այլընտրանք չի առաջարկվում, Տիգրան Խաչատրյանն ասաց. «Դուք միանգամայն ճիշտ եք, այդ հարցադրումը կա, և որևէ մեկը դրանից խուսափելու նպատակ չունի: Անպայման այդ օպտիմիզացիայի արդյունքում որոշակի աշխատատեղեր են կրճատվում, սակայն հաճախ դրանք այն մարդիկ են, ովքեր մրցունակ են մասնավոր հատվածում: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ մասնավոր հատվածում գտնվող ցանկացած կազմակերպություն երազում է, որ պետական հատվածում աշխատած, փորձառություն ունեցող մարդ տեղափոխվի այդտեղ աշխատելու: Դուք վստահ եղեք, որ պետական հատվածում աշխատողների մեծ մասը հեշտությամբ նոր աշխատանք է գտնելու հենց մասնավոր հատվածում»,- ասաց նա:
Ըստ նախարարի` խնդիրն այն է, որ Հայաստանում մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունն աշխարհի համեմատ շատ ցածր է, այսինքն՝ բազմաթիվ կազմակերպություններ, և ոչ միայն պետական հատվածում, աշխատանքի մեջ պահում են շատ ավելի մեծ թվով աշխատակիցների, քան իրականում պահանջ ունեն: «Այսինքն՝ նույն մասնավոր ձեռնարկություններից շատերը, եթե պահում են 200 աշխատող, եթե հարցնենք, թե 150 մարդով այս նույն աշխատանքը կարո՞ղ է անել, ասում է՝ իհարկե կարող ենք, բայց դե մարդիկ երկար տարիներ աշխատել են»,- ասաց նա:
Հարցին, թե ճիշտ հակառակ խնդիրը չկա՞, երբ մասնավոր հատվածում մեկի վրա բարդում են շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն, մարդիկ արտաժամյա են աշխատում, Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց` ոչ: «Որպես կանոն՝ գործատուները համակերպվում են այն մտքի հետ, որ պետք է պահեն ավելի մեծ թվով աշխատողներ, քան իրականում անհրաժեշտ է»,- ասաց նա:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ զարգացող տնտեսության կողմից ստեղծվող նոր պահանջը որակյալ աշխատողների նկատմամբ պետք է նպաստի, որ այդ մարդիկ աշխատանք ունենան և ապրեն արժանավայել:
«Եթե ավելի վաղ չափվեր, թե որքան աշխատող է իրականում անհրաժեշտ, ապա բնականաբար գործազրկության թիվը կլիներ ավելի մեծ: Եթե մարդ էֆեկտիվ չի աշխատում, ավելի լավ է՝ ժամանակին դուք զգուշացնեք, քան պահեք թերբեռնված վիճակում»,- ասաց նա:
Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ աշխատող մարդկանց մի զգալի մասը նոր հնարավորություն է գտնելու: Ինչ վերաբերում է հարցին, թե որն է այդ դեպքում գործազրկության մակարդակը կրճատելու լուծումը, նա պատասխանեց. «Լուծումը պետք է տա մրցունակ մասնավոր հատվածը, այսինքն՝ լուծումը պետք է գտնի ամեն մարդ իր մտքում, պետք է առավոտյան արթնանա, մտածի, թե ինչ նոր բան կարող է անել»: