Համաժողովի ընթացքում կայացել է «Դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում, որի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը և «Հակափխրունություն» գրքի հեղինակ, համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տեղական ընկերությունները «հակափխրուն»՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու ունակ դարձնելու հնարավորություններին։
Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը։
Այս տարվա համաժողովին մասնակցել է նաև հայտնի գիտնական Սեզար Հիդալգոն, ով Ռիկարդո Հաուսմանի հետ գիտական շրջանառության մեջ է դրել «Տնտեսական բարդություն» (Economic complexity) հասկացությունը։ Սեզար Հիդալգոն համաժողովի ընթացքում ներկայացրել է տնտեսական բարդության տեսությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։
Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ նորարար գործարարների, միջազգային շուկայում աշխատող խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։