Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 20-ից 24-ը անց է կացվել ՄԱԿ֊ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող «Կովկասում և Կենտրոնական Ասիայում մորեխների ազգային և տարածաշրջանային կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարեկան աշխատաժողովը։
Միջոցառմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և ՀՀ ԷՆ սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Ռիմա Կարապետյանը։
Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են զեկույցներ ՀՀ-ում մորեխների մոնիթորինգի ու պայքարի նպատակով կազմակերպված աշխատանքների, աշխատաժողովների, 2024 թվականի ընթացքում նախատեսվող աշխատանքների և «CCALM» և «ASDC» ծրագրերի կիրառման վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում հաստատվել է մորեխների մոնիթորինգի և վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման վերաբերյալ 2024 թ․ աշխատանքային ծրագիրը:
Հայկական կողմից առաջարկվել է նաև ՀՀ-ում անցկացնել դասընթացներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գյուղատնտեսների համար՝ «CCALM» և «ASDC» ծրագրերի 2023 թ․ ուսուցանման շարունակության ապահովման նպատակով։