Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:
Հանդիպման սկզբում Ռաֆայել Գևորգյանը համառոտ ներկայացրել է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրն ու առաջնահերթությունները և տեղեկացրել, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է գիտելիքահենք, նորարարական տնտեսության զարգացմանը։ Յենս Բրանդենբուրգն իր կողմից նշել է, որ գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ։
Այնուհետև զրուցակիցները քննարկել են այն ուղղությունները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման և փորձի փոխանակման տեսանկյունից՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիա, վերականգնվող էներգետիկա, կանաչ ջրածնի արտադրություն և տեղափոխում, արևային էներգետիկա և այլն։