«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը հունիսի 9-ին կազմակերպել էր Հավատարմագրման համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, հավատարմագրման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։
Տոնը նպատակ ունի բարձրացնել հավատարմագրման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։ Այս տարվա կարգախոսն է «Աջակցություն գլոբալ առևտրի ապագային շեշտադրելով Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակներին հավատարմագրման աջակցությունը»։
Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը ներկայացրել է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունն ու հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունները, միջազգային համագործակցությունը, հավաստագրման գործընթացի փուլերն ու ժամկետները, ՀՀ-ում հավաստագրված համապատասխանության գնահատման մարմինները, ինչպես նաև ոլորտում գործող օրենսդրությունը։
Հանդիպման ավարտին գործընկեր կառույցներին արդյունավետ համագործակցության համար հանձնվել են շնորհակալագրեր։