Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին մասնակցել է Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում էքսպոյի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։
Եռօրյա էքսպոյի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է լիզինգի աջակցության իր գործիքակազմը մի քանի ծրագրերի՝ մասնավորապես՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղտեխնիկայի լիզինգի, տնտեսության արդիականացման ծրագրերի շրջանակներում։
Ցուցահանդեսին մասնակցում է մոտ 70 ընկերություն գյուղատնտեսական, ինժեներական, ապրանքների մատակարարման և այլ ոլորտներից։
«Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի միջոցով մինչ այս պահը ֆինանսավորվել է մոտավորապես 150 մլրդ դրամի սարքավորումների լիզինգ, որից 100 մլրդ դրամը՝ տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում, իսկ 50 մլրդ դրամը՝ ագրոպարենային սարքավորումների և գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրերով։ Կարծում ենք, որ այս ծավալը զգալի է և արդեն իր էական դերակատարումն ունի մեր տնտեսական աճի մեջ», - նշել է Վահան Քերոբյանը։