Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մարտի 22-ին կազմակերպել էր հանդիպում արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման գործընկեր ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ խնդիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջոցառման շրջանակում տրամադրված վարկերը մոնիթորինգի ենթարկելու նպատակով աուդիտի իրականացմանն ու աուդիտորական կազմակերպության ընտրությանը, մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությանը ու սահմանվող պահանջներին վերաբերող մի շարք հարցեր։
Ռաֆայել Գևորգյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ միջոցառման որոշ ընթացակարգերի վերաբերյալ։
Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: