Նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին մասնակցել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» ցուցահանդեսի բացման արարողությանը։
Խոսելով շինարարության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության ծրագրերից, նախարարը նշել է. «Նախորդ տարի շինարարության ոլորտում էական աճ է գրանցվել և շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ։ Կառավարությունը օժանդակում է շինարարական ոլորտին հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրով, և այս ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիփոթեքային վարկառուներին Կառավարությունը վերադարձրել է 40 մլրդ դրամ։ Դա շատ բարձր ցուցանիշ է և կարելի է համարել, որ սա ամենախոշոր տնտեսական ծրագիրն է, որը վարում է Կառավարությունը։ Այս ծրագրի արդյունքում շինարարական ոլորտը կարողացել է և կարողանում է էական աճ գրանցել»։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ողջունելով մասնակիցներին և հյուրերին նշել է․ «Զարգացած, նորարարությամբ հագեցած շինարարությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման ինքնատիպ ցուցիչ է։ Ցուցահանդեսը լուրջ խթան է ինչպես մեր երկրի տնտեսության զարգացման աճի, այնպես էլ գործարարների շրջանում միջազգային նոր կապերի հաստատման համար»։
Վահան Քերոբյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացաված արտադրանքին։
Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։
Ցուցահանդեսի հիմնական նպատակներն ու խնդիրներն են շինանյութերի, շինարարական դիզայնի և նախագծման, ժամանակակից շինարարության ձեռքբերումների ցուցադրությունը։