ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսության Արևելյան Բիզնես հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի, Արևելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի և Գերմանական ագրոբիզնեսի դաշինքի գործադիր տնօրեն Պեր Բրոդերսենի հետ։
Գերմանիայի տնտեսության Արևելյան Բիզնես հանձնաժողովի աջակցությամբ հանդիպմանը ներկա էին նաև գերմանական ընկերությունների ներկայացուցիչներ։
Արևելյան բիզնես հանձնաժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում տիրող իրավիճակից։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ճյուղերը։
Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը՝ նշելով, որ պետք է օգտագործվի առկա ողջ ներուժը:
Ներկայացնելով գյուղատնտեսության, քիմիական, թեթև արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի ոլորտները՝ նախարարը գերմանական ընկերություններին առաջարկել է դիտարկել Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առևտրի պալատների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը: