Հունվարի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառմանը, թռչնաբուծարաններում կերային բազայի ապահովմանը, ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։