Դեկտեմբերի 9-ին Մատենադարանում կայացել է Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված թվային լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում:
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարն իր խոսքում կարևորել է թվային տեխնոլոգիրաների զարգացումը և տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության մեջ և նշել․
«Կառավարության տնտեսական քաղաքականության գերնպատակը տնտեսության արտադրողականության ավելացումն է և տնտեսության մասնակիցների մրցունակության բարձրացումը, ինչին հասնելու համար մենք իրականացնում ենք տնտեսության արդիականացման ծրագիրը։ Տնտեսության թվայնացման, ընկերություններում թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու մեծ պոտենցիալ կա»։
Գագաթաժողովը բաղկացած է 4 պանելային քննարկումներից՝ «Խելացի կառավարում», «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ» և «Խելացի ենթակառուցվածքներ»։
Միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Միջոցառման գործընկերներն էին ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություները, «Յունիքոմփ» ընկերությունը, «Ամերիաբանկ»-ը, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում: