Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա է եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Ներդրումային խորհրդի ձևաչափը ծառայել է որպես պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակ: Նա նաև հավելել է, որ շուրջ 2 տասնյակը գերազանցող առանձին նախաձեռնությունները նշանակալի ազդեցություն են ունեցել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու, Հայաստանում ձեռներեցության և գործարարության մշակույթը խթանելու գործում:
Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում Ներդրումային խորհրդի հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է գնահատել և ավելացրել․ «Ներդրումային խորհրդի հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է ընթանում։ Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումների ծավալն աճել է 51 տոկոսով, ինչը ցույց է տալիս, որ մեր՝ ներդրումներին միտված արդյունաբերական քաղաքականությունը՝ տալիս է իր պտուղները։ Մենք իհարկե պետք է բազմապատկենք մեր ջանքերը, և ներդրումների ծավալը հասցնենք ՀՆԱ-ի 25 տոկոսին»։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում «Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները և մարտահրավերները» թեմայով։
Հայաստանի ներդրումային խորհրդը ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: