ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։ Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։
Հանդիպման սկզբում դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հաստատել պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել տնտեսության ոլորտում Հայաստանի և Բենինի միջև ամուր հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
Այնուհետև կողմերը քննարկել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է ծավալել արդյունավետ փոխգործակցություն։ Մտքեր են փոխանակվել այն հարցի շուրջ, թե հատկապես որ ապրանքները կարող են հետաքրքրել երկու երկրների շուկաներին՝ հետագայում արտահանումներ կազմակերպելու նպատակով։ Այս համատեքստում զրուցակիցները դիտարկել են համագործակցության հնարավորությունը հատկապես գյուղատնտեսության (հացահատիկ, պարարտանյութեր) և թեթև արդյունաբերության (մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության) ոլորտներում։
Երկու երկրների վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է առավել ակտիվացնել գործարար հարաբերությունները և ուսումնասիրել գործարար այցերի կազմակերպման հնարավորությունը։