ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին տրանսպորտի ավագ փորձագետ Ամալի Ռաջապակսան, գյուղատնտեսության ավագ տնտեսագետ Յան Յուստ Նիջհոֆը, քաղաքային զարգացման փորձագետ Նորա Միրզոյանը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը, Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին, դրանց շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքներին, ինչպես նաև ոլորտի զարգացմանը Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացի համատեքստում։
Քննարկվել են նաև կլիմակայուն գյուղատնտեսության զարգացմանը, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն ու ընդլայնմանը, պետություն-մասնավոր գործընկերության համագործակցությամբ ավելի բարձր արդյունավետության ապահովմանն ու ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր։