Սեպտեմբերի 19-ին Երևանում կայացել են Ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը և Հայ-ռուսական գործարար երկխոսությունը:
Գործարար համաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյուբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական և հեռուստահաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանը, ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, այլ պաշտոնատար անձինք:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նիստի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարբեր երկրների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, և այս միջոցառումը ևս միտված է տնտեսական կապերի ընդլայնմանը։
Նախարարն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման միտումներին և գոհունակությամբ նշել, որ ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,1%:
Նախարարն իր խոսքում ներկայացրել է նաև տնտեսության ոլորտում ՀՀ Կառավորության ներկայիս նպատակներն ու առաջնահերթությունները։ «ՀՀ Կառավարությունը նախատեսում է խթանել նոր ներդրումների նեգրավումը թե' Հայաստանում, թե' ԵԱՏՄ-ի տարբեր նախագծերի շրջանակներում, բարելավել լոգիստիկ կապերն ու մատակարարման շղթաները` բեռնափոխադրումներն անխափան ապահովելու նպատակով: Կարևոր է նաև տնտեսության խթանման ծրագրերի սինքրոնացումը ԵԱՏՄ անդամ-երկրներում և, իհարկե, նոր ներդրումներ ներգրավելու, տնտեսական գործունեությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է ապահովել երկարաժամկետ խաղաղություն ԵԱՏՄ-ի ողջ տարածքում», - նշել է նախարարը։
Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել լիագումար նիստեր «Եվրասիական գործընկերություն. տնտեսական աճի նոր կետեր» և «Ռուսաստան- Հայաստան. ընդլայնելով հորիզոնները» թեմաներով:
Ներկայացվել է ՀՀ Ռազմավարական զարգացման կենտրոնի շնորհանդեսը, որի համահիմնադիրը հայկական կողմից Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան է:
Ողջունելով այս նախաձեռնությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ ինտեգրումը Եվրասիական տնտեսական համայնք, որը միավորում է ավելի քան 185 միլիոն մարդ, մեր տնտեսության համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն, և կենտրոնի նպատակների հաջող իրականացումը պետք է նպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական և սոցիալական կապերի ամրապնդմանը: «Գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի այն ճյուղերն են, որոնք արդեն կարող են առաջարկել մրցունակ ապրանքներ, որոնք պահանջված են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս։ Կրթության, առողջապահության, մեքենաշինության, զբոսաշրջության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի ռազմավարական կարևոր ոլորտներն են, որոնք պահանջում են բարձրորակ մասնագիտական փորձաքննություն և բեկումնային ռազմավարություններ», - նշել է Նարեկ Տերյանը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի գիտատեխնիկական երկար տարիների փորձը և ֆինանսական հաստատությունները կարող են առանցքային գործոն դառնալ Հայաստանի տնտեսության հաջող զարգացման և Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու համար։
Համաժողովը եզրափակվել է «Աշխատանքի արտադրողականության բարձրացումը» խորագրով ռազմավարական նիստով: