Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանն ընդունել են ՌԴ Օմսկի մարզի նահանգապետ, մարզի կառավարության նախագահ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նախարարներ, գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Կողմերը համակարծիք են եղել, որ համագործակցության մեծ ներուժ կա տնտեսության բոլոր ոլորտներում, որը պետք է զարգացնել և խորացնել: Հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի ոլորտները:
Նշելով, որ այցի հիմնական նպատակն է ամրապնդել առկա համագործակցությունը, գտնել նոր գործընկերներ և վաճառքի նոր շուկաներ Օմսկի մարզի ներկայացուցիչները ներկայացրել են մարզի տնտեսական հնարավորությունները և ոլորտները, որտեղ կարող են համագործակցել և կիսվել փորձով: Հատկապես առանձնացվել է գյուղատնտեսության ոլորտը, մասնավորապես, գյուղտեխնիկայի և ժամանակակից սարքավորումների արտահանման, հացահատիկային, հատիկաընդեղենային մշակաբույսերի արտահանման, սերմերի մատակարարման հնարավորություններով:
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Օմսկի մարզի հետաքրքրությունները գյուղատնտեսության ոլորտում համընկնում են և հարկավոր է շարունակել ամենօրյա աշխատանքը` անհրաժեշտ կապեր ստեղծելու և երկուստեք ցանկալի արդյունքների հասնելու համար:
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է և շահագրգռված փոխգործակցությամբ տնտեսության բոլոր բնագավառներում, իսկ պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա առկա համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես, որ դրա համար կան բոլոր նախադրյալները։ Նա նաև կարևորել է առևտրային տների ստեղծման հարցը, գործարար հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Օմսկի մարզի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն ունի շատ բարձորակ ապրանքներ, գինիներ, ալկոհոլոյին խմիչքներ, չրեր, մուրաբաներ և այլն, որոնք սակայն արժանվույն ներկայացված չեն մարզում: Առևտրային տների ստեղծումը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, իսկ Օմսկի հայկական համայնքի ներգրավվածությունը իրականացվող համագործակցության ծրագրերում մեծ արդյունքներ կարող է տալ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Օմսկի մարզ հայ գործարար պատվիրակության այց կազմակերպելու վերաբերյալ: