ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 4-ին այցելել է չիպսերի և պոպկորնի արտադրությամբ զբաղվող «Հոմ հոլդինգ» ՍՊԸ՝ ընկերության գործունեությանն ու նախատեսվող ծրագրերին ծանոթանալու նպատակով։
Ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Սահակյանի և հիմնադիր տնօրեն Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ Արման Խոջոյանը շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին՝ լվացման և կեղևազրկման գործընթացից մինչև վերջնական արտադրանքի փաթեթավորում:
«Հոմ հոլդինգ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2021 թ․՝ ներդնելով Հայաստանում առաջին հայկական չիպսերի արտադրությունը, որը ներկա պահին մրցունակ է աշխարհում հայտնի ապրանքանիշների հետ։ Ընկերությունը սպառողներին մատակարարում է որակյալ ու մատչելի արտադրանք, որը պատրաստվում է Հայաստանի տարբեր մարզերում ֆերմերների կողմից աճեցված կարտոֆիլով։
Չիպսերի մասով արտադրողականությունը կազմում է մոտ 50 կգ/ժամ, արտադրության սկզբնական շրջանում ամսական 1 տոննա վերամշակման ծավալը ներկայում հասել է մոտ 8 տոննայի։ Նախարարի տեղակալին ներկայացվել են նաև նոր հոսքագծերը, որոնց շնորհիվ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նոր ապրանքատեսակների արտադրություն։
Ընկերությունն այժմ ունի 25-30 աշխատող, շուտով պատրաստ կլինի նոր մասնաշենքը, որտեղ ներգրավված կլինի մոտ 80-100 աշխատող։
Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը ընկերության ղեկավարներին ներկայացրել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերը, որոնց շնորհիվ տնտեսավարողներն ու ընկերությունները հնարավորություն ունեն մատչելի պայմաններով ձեռք բերել նոր սարքավորումներ և ընդլայնել իրենց գործունեությունը։
Քննարկվել են նաև ագրովերամշակման ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տեղական գյուղմթերքի արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը, արտահանմանն ու ներմուծմանը վերաբերող մի շարք հարցեր։