ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը` նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացվող կահույքի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակման շրջանակներում ճանաչողական այց է կատարել «Պրոֆալ» ընկերություն։
Նախարարի տեղակալը շրջայցի ընթացքում ծանոթացել է ընկերության արտադրական կարողություններին, տեխնիկական հագեցվածությանը, արտադրության ընդլայնման հնարավորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին։
Ընկերության տնօրեն Էդգար Ավետիսյանը նախարարի տեղակալին տեղեկացրել է, որ ներկայումս «Պրոֆալ»-ն ունի ավելի քան 10 արտադրամաս՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրական հոսքագծերով։ Այս պահի դրությամբ ընկերության արտահանման ծավալները կազմում են ընդհանուր արտադրության 20%-ը։
Շրջայցի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է Տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը և աշխատանքի արտադրողականության աճի։
Այս համատեքստում ընկերության տնօրենն նշել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում «Պրոֆալ»-ը պատրաստվում է կատարել խոշոր ներդրում տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի նոր գործարան կառուցելու, ինչպես նաև արտադրամասերը գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար։