Հուլիսի 22-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակում մշակված Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին։
Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Անի Իսպիրյանը, տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն Վահան Քերոբյանին է հանձնել Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը, որի հիմնական շահառուն է էկոնոմիկայի նախարարությունը։
Բարձր գնահատելով ծրագրի շրջանակում իրականացված մեծածավալ և շատ կարևոր աշխատանքը՝ Վահան Քերոբյանը շեշտել է, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում ստեղծված այս փաստաթղթից մեծ են ակնկալիքները, և դրա բարեհաջող իրականացումը տալու է շոշափելի արդյունքներ՝ գործարար միջավայրին առաջիկա տարիներին հաղորդելով առավելագույն գրավչություն։
«Տնտեսական բարեփոխումների մեր օրակարգում շատ կարևոր տեղ են գրավում ներդրումային բարեփոխումները, կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից՝ անցում կատարելով ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի մոդելին։ Իսկ դա հնարավոր է հետևողական ներդրումային բարեփոխումների միջոցով»,- նշել է նախարարը։
Շնորհակալություն հայտնելով ծրագրի բարեհաջող իրականացման համար՝ Ջոն Ալլելոն նշել է, որ բարեփոխումների իրականացման պատասխանատվությունը ստանձնող առաջնային կառույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, սակայն նման համալիր բարեփոխումների հաջողության գրավականը բոլոր առնչվող գերատեսչությունների, ինչպես նաև գործարար համայնքի համատեղ ջանքերն են։
Այնուհետև ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի փորձագետները ներկայացրել են ներդրումային քաղաքականության միջազգային լավագույն փորձը, պետություն-մասնավոր երկխոսության դերը ներդրումային միջավայրի բարելավման համար, ինչպես նաև ելույթներ են հնչել արդյունավետ ինստիտուցիոնալ կառույցների և ներդրումայիին արտոնությունների վերաբերյալ։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարությանը և մասնավոր հատվածին՝ պետություն-մասնավոր երկխոսության միջոցով, բարելավելու քաղաքականությունը, օրենքներն ու կանոնակարգերը, որոնք անհրաժեշտն են ներդրումները, առևտուրը և մրցունակությունը խթանելու համար: