ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հուլիսի 4-ին կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագծի քննարկմանը։
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Քաղաքականության հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը, ԵՄ-ը կլիմայի համար տարածաշրջանային ծրագրի առաջադրանքի ղեկավար-մեղմման փորձագետ Արտակ Բաղդասարյանը, UNDP-ի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Ընդգծելով Հայաստանում դեպի կանաչ տնտեսության անցման կարևորությունը՝ Անի Իսպիրյանը նշել է, որ կանաչ օրակարգը պետք է ձևավորվի հնարավորինս սահուն և նոր հնարավորությունների ու աճի հիմք հանդիսանա տնտեսավարողների համար։
Այնուհետև Գարիկ Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագիծը․«Հայեցակարգի նպատակն է ներկայացնել Հայաստանի կայուն զարգացման և կանաչ տնտեսության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական, բնական ու մարդկային կապիտալի ներկա վիճակին, և ըստ այդմ՝ սահմանել կանաչ տնտեսության անցման տեսլականն ու հիմնական նպատակները», - նշել է նա։
Հայեցակարգի այլ նպատակների թվում Գարիկ Խաչիկյանը մատնանշել է կանաչ տնտեսության գաղափարական հենքի, կանաչ տնտեսության միջազգային փորձի, կանաչ տնտեսության քաղաքականության հավանական շրջանակի ու գործիքակազմի, ՀՀ կայուն զարգացման ու կանաչ տնտեսության առաջարկվող քաղաքականության տարրերի ու ուղղությունների՝ ներառյալ՝ ինստիտուցիոնալ շրջանակի, խթանների ու ֆինանսատնտեսական մեխանիզմների, գնահատման համակարգի ուրվագծի ներկայացումը և այլն։
Կանաչ տնտեսության անցման սկզբունքների թվում մասնագետը նշել է կայուն զարգացման և երկարաժամկետ նպատակադրման, բարեկեցության ապահովման, սոցիալական զարգացման, արդարության և համերաշխության, ռեսուրսաարդյունավետության և ռեուրսների պահպանման, տնտեսական արդիականացման, տեխնոլոգիական առաջընթացի և նորարարությունների, արդյունավետ կառավարման և ինստիտուտների, ինչպես նաև միջազգային համագործակցության և միջազգային հանձնառության սկզբունքները։
Առանձին ներկայացվել են նախատեսվող գործընթացի փուլերը, նորարարությունը կանաչ տնտեսության անցման համատեքստում, կանաչ տնտեսության քաղաքականության կիրարկման գործիքներն ու մեխանիզմները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կանաչ տնտեսության գնահատման առաջարկվող շրջանակը։
Անդրադարձ է կատարվել կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակմանն առնչվող մի շարք հարցերի ևս։
Մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ հայեցակարգի նախագիծն առավել առարկայական քննարկելու և հետագա անելիքները նախանշելու նպատակով։