Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և երկօրյա այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը։
Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը ոչ միայն հաստատված համագործակցության ոլորտներում, այլև նորերում: Նա առանձնացրել է վերականգնվող էներգիան, արևային էներգետիկան, ջրածնային տեխնոլոգիաները, միջին մասնագիտական կրթությունը, պարենային անվտանգությունը և որպես հեռանկարային ուղղություններ նշել արդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղերը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում փոքր և միջին բիզնեսի զարգացման և երկրի տնտեսության մեջ դրանց մասնաբաժնի ավելացման ուղղությամբ։
Իր ելույթում Վահան Քերոբյանը նաև տեղակացրել է, որ Գերմանական միջազգային համագործակցության գործակալությունը (GIZ) և Գերմանիայի Վերակառուցման վարկային բանկը (KfW) մշտական ներկայացուցչություններ կբացեն Հայաստանում։
«Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի նշված ուղղություններում համագործակցությունը կայանա», - ասել է Վահան Քերոբյանը։
«Մենք մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարրեփոխումներ իրականացնելու, նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանն այդ երկրների շարքում է», - նշել է Սվենյա Շուլցեն և վստահեցրել, որ Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին։