Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին ընդունել է «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը:
Ընկերության ներկայացուցիչները նպատակ ունեն ծանոթանալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին, հասկանալու այդ ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները։
Նախարարը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։
Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են ոչ միայն մետրոյի, այլև թունելների, ճանապարհային հանգույցների կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներով ևս։
Նախարարը ընկերության ներկայացուցիչներին ներկայացրել է նաև Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքների մի քանի մանրամասներ և հավելել, որ այդ հատվածում նախատեսվում է կառուցել 5 թունելներ, որոնցից ամենաերկարը 8 կմ է լինելու, ինչպես նաև միջազգային չափանիշներին բավարարող բարելավումներ իրականացնել։
Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր, նաև կլինի մասնագիտական փորձի փոխանակում: