ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 29-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) մասնակցել է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին փոխանցման արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԱԱՀ ներկայացուցիչներ, ծրագրի այլ պատասխանատուներ։
Գերմանիայի օդատիեզերական գործակալության (DLR) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում՝ դաշտային նմուշառման տվյալների հավաքագրման և հեռահար զոնդավորման միջոցով ստեղծվել են խոտածածկ տարածքների քարտեզային չորս՝ խոտածածկ տարածքների, խոտածածկի վիճակի, խոտածածկի կենսազանգվածի և խոտածածկի բեռնավորման շերտերը։
Այս շերտերը կարող են կիրառվել որպես արդյունավետ գործիք արոտավայրերի և խոտհարքների մոնիտորինգի, կառավարման, որոշումների կայացման և ռազմավարական զարգացման համար:
Միջոցառման նպատակն էր բարձր մակարդակով որոշումներ կայացնող գերատեսչությունների ղեկավար կազմին ներկայացնել քարտեզների շերտերը, ինչպես նաև համագործակցության մոդելի կարևորությունը արոտավայրերի և խոտհարքների վերաբերյալ տվյալների հավաքագրման, մոնիտորինգի, կայուն օգտագործման և որոշումների կայացման համար:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է արոտավայրերի արդյունավետ կառավարման կարևորությունը ոչ միայն գյուղատնտեսական, այլև բնապահպանական տեսանկյունից. «Մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ, ովքեր ապրում են այն տարածաշրջաններում, որտեղ մենք իրականացնում ենք ծրագրեր, զգան մեր կատարած աշխատանքի արդյունքն ու ազդեցությունը իրենց կյանքի որակի բարելավման վրա։ Կարծում ենք, որ այս հարթակի կիրառմամբ մենք, ի վերջո, կկարողանանք էական փոփոխություն կատարել ամբողջ Հայաստանի մասշտաբով», - նշել է նախարարը։
Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերի խոսքով՝ այս ծրագիրը մի կողմից ուղղված է գյուղատնտեսության մեջ ժամանակակաից մոտեցումների կիրառմանը, որոնք միտված են ոլորտի բարելավմանը, իսկ մյուս կողմից՝ էկոհամակարգի պահպանմանը, ինչը նույնպես շատ կարևոր հանգամանք է։ Դեսպանն ընդգծել է այս թեմայի արդիականությունը՝ հատկապես հաշվի առնելով միջազգային իրավիճակն ու ամբողջ աշխարհում ստեղծված պարենային անվտանգության ներկա դրությունը։
GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը նշել է, որ տնտեսական զարգացման համար նշանակալի ռեսուրս հանդիսանալուց զատ, արոտավայրերն ու խոտհարքներն ունեն կարևոր նշանակություն նաև էկոլոգիական և կենսաբազմազանության տեսանկյունից:
Միջոցառմանը ներկայացվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացված արոտավայրերի և խոտհարքների տվյալների հավաքագրման, մշտադիտարկման և արդյունավետ կառավարման գործիքները։
Ելույթներ են հնչել արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման արդյունքների, կարևորության և հետագա քայլերի, արոտավայրերի կայուն կառավարման նպատակով տվյալների հավաքագրման, փոխանցման և կիրառության վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետ Հարություն Դավեյանը ներկայացրել է քարտեզագրման գործիքի պիլոտային կիրառությունը մեկ բնակավայրի օրինակով։
Միջոցառման ընթացքում կայացել է քարտեզների շերտերի հանդիսավոր տրամադրումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև քարտեզների շերտերի և ուսուցման մեթոդների տրամադրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։