ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 30-ին մասնակցել են «CHEMEX 2022․ Քիմիա․ Ֆարմա․ Բիոտեխ․ նոր մարտահրավերներ» եռօրյա համաժողովի բացման արարողությանը:
Համաժողովի հիմնական նպատակն էր միավորել Հայաստանի, Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների կարողությունները արտադրական և սպասարկման ոլորտներում, կառուցել արդյունավետ երկխոսություն ոլորտի ներկայացուցիչների միջև և ստեղծել կառուցողական համագործակցություն քիմիական, դեղագործական և կենսատեխնոլոգիական ճյուղերի զարգացման համար։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը, ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, Հայաստանի և Ռուսաստանի հայտնի քիմիկոսներ, դեղագործներ, գիտության ներկայացուցիչներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու գործարար միջավայրի բարելավմանը միտված բարեփոխումները։
Կարևորելով նման գիտական խոշոր միջոցառումների կազմակերպումը՝ նախարարը նշել է․ «Հայաստանը խորհրդային տարիներին կարևոր դեր ու նշանակություն է ունեցել քիմիական արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Ներկայում քիմիան և դեղագործությունը ՀՀ կառավարության առաջնահերթ ճյուղերից են և մենք նախաձեռնում ենք տարբեր ծրագրեր այս ճյուղերը վերակենդանացնելու նպատակով։»
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, Մենդելեևի անվան քիմիա-տեխնոլոգիական համալսարանի գիտական ղեկավար Ալեքսանդր Մաժուգայի ողջույնի տեսաուղերձը․ «Գիտության ոլորտում համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների անբաժան մասն է, որն ունի խորը պատմական արմատներ։ Մեր երկրների գիտնականների միջև կապերը շարունակաբար ամրապնդվում են, ավելանում է իրականացվող համատեղ գիտական նախագծերի ծավալը։ Ռուսաստանն ու Հայաստանը քաջ գիտակցում են գիտական համագործակցության կարևորությունը, որի մասին են վկայում մեր երկրների ղեկավարների կողմից ընդունվող ծրագրերը», - նշել է Ալեքսանդր Մաժուգան։
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն իր խոսքում ընդգծել է, որ այս համաժողովը եզակի հարթակ է գիտական բանավեճի, գիտնականների համախմբման, փորձի փոխանակման, գաղափարների քննարկման և հետագա համագործակցության քայլերը նախանշելու համար։ Աշոտ Սաղիայը նշել է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության առաջնահերթություններից են գիտությունն ու կրթությունը, և ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում թե՛ ֆունդամենտալ, թե՛ կիրառական գիտության զարգացմանը։ ՀՀ ԳԱԱ նախագահը միաժամանակ կարևորել է երիտասարդ մասնագետների ներգրավումը գիտության մեջ և նշել, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ և մշակել հատուկ մեխանիզմներ, որոնք կնպաստեն երիտասարդների հոսքին դեպի գիտություն։
Համաժողովի ընթացքում հնչել են ելույթներ քիմիա-դեղագործական կլաստերների, ԵԱՏՄ տարածքում միասնական իրավական դաշտի ստեղծման, բիոտեխնոլոգիաների ներկայի և ապագայի, դեղագործական ստանդարտների ու քիմիական ռեակտիվների և արդիական այլ խնդիրների վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում կայացել է խորհրդային քաղաքական և պետական գործիչ Լեոնիդ Կոստանդովի հիշատակին նվիրված «Կոստանդով․ հաջողության քիմիական բանաձևը» վավերագրական ֆիլմի առաջնային ցուցադրությունը։