Հունիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն և BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգին և BostonGene ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ներդրումային տնօրեն Արամ Վարդանյանը և այլ ներկայացուցիչներ։
Էնդրյու Ֆայնբերգը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է թե՛ մարդկանցով և թե՛ երկրով։ Նա ներկայացրել է իրենց մտադրությունները Հայաստանում ընկերության գործունեության համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենց ընկերությունում հավաքված են շատ տաղանդավոր մարդիկ ամենատարբեր բնագավառներից, և պետք է անել հնարավորինը, ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատակիցները գան և մնան ու աշխատեն այստեղ։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորությունները և պայմանները՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների շնորհիվ վերջին շրջանում փոխվել է գործարար միջավայրը, և բիզնեսի վարման, տնտեսության զարգացման համար ստեղծվել են նոր հնարավորություններ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի որքան հնարավոր է շատ տաղանդավոր, գիտական ներուժ ունեցող մարդիկ կարողանան բնակվել և գործունեություն ծավալել Հայաստանում։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում մեծապես կարևորվում է գիտություն-գործարարություն-կրթություն կապը։ Այս համատեքստում նախարարը նաև տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանը, ով ևս պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանում գործող ընկերությունների հետ։ Վահան Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ օգնելու համար ընկերություններին, ովքեր ցանկություն ունեն իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան։
Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում օժանդակել այն խնդիրների լուծմանը, որոնց կարող է հանդիպել ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում և հնարավորինս արագ գտնել դանց լուծման եղանակները։
«Netcracker Technology»-ին մշակում և իրականացնում է եզակի ՏՏ լուծումներ ամբողջ աշխարհի հեռահաղորդակցության օպերատորների համար: Ընկերությունը BSS/OSS լուծումների առաջատար մատակարարն է ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների, մալուխային օպերատորների և թվային նորարարների համար: Ընկերության գրասենյակները տեղակայված են աշխարհի ավելի քան 50 երկրներում. գլխամասային գրասենյակը գտնվում է Բոստոնում։
BostonGene-ը ՏՏ առողջապահական ստարտափ է, որի հիմնական գործունեությունը տեղեկատվական և վերլուծական համակարգի մշակումն է, որը ուռուցքաբաններին տրամադրում է անհրաժեշտ տվյալներ հիվանդների ախտորոշման և անհատականացված բուժման համար: