Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հունիսի 10-ին տեղի է ունեցել քննարկում Հայաստանում կրիպտոարժույթի շուկայի կարգավորման վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին Կենտրոնական բանկի, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի, մի շարք մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող օրենսդրությանը, ռիսկերի վերահսկողությանը, ինչպես նաև կրիպտո համայնքների զարգացմանն ու մրցունակությանն առնչվող հարցեր։
Մասնավոր ընկերությունների մասնագետները ներկայացրել են ոլորտի խնդիրները, իրենց հայտնի միջազգային փորձը և հնչեցրել առաջարկներ՝ ուղղված կրիպտո համայնքների ամբողջական շղթայի զարգացմանը։
Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ԿԲ–ն` իր իրավասության շրջանակներում աշխատում է ոլորտի կարգավորման մոտեցումներ մշակելու ուղղությամբ, մասնավորապես փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունությանն առնչվող խնդիրների մասով։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել պետություն-մասնավոր հատված, ինչպես նաև այլ շահագրգիր պետական կառույցների հետ աշխատանքային քննարկումների շարունակականությունը։