Հունիսի 1-ից 3-ը Երևանում անցկացվել է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։
Հունիսի 2-ին, ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի զբոսաշրջության փոխնախարար, ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նախագահ Սոֆիա Զաչարակին, շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների պաշտոնյաներ։
Նիստի շրջանակում հունիսի 3-ին տեղի է ունեցել «Զբոսաշրջություն և գյուղական զարգացում․ ինչպես են տեղական փորձառությունները ձևավորում ու արժևորում զբոսաշրջային վայրը» թեմայով համաժողովը, որին, ի թիվս Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետությունների ներկայացուցիչների, մասնակցել են նաև Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների և մասնագետների հետ զբոսաշրջության և գյուղական զարգացման խնդիրների քննարկման հնարավորության համար՝ ընդգծելով դրանց մեկտեղման կարևորությունը։ Նա հատկանշական է համարել նշված թեմայով համաժողովի անցկացվումը մեր երկրում․ «Հայաստանի գյուղական վայրերում են գտնվում համամարդկային արժեք ներկայացնող շատ պատմամշակութային հուշարձաններ, այստեղ է պահպանվել մեր ժողովրդի կենցաղը, այստեղ է ստեղծվում մեր երկրի բերքն ու բարիքը, ձևավորվում հայկական ազգային դիմագիծը։ Այս ամենով մեր երկիրն, իրապես, ունի լավ նախադրյալներ զբոսաշրջության ոլորտի ներկապնակում գյուղական զբոսաշրջությունը դարձնելու ամենահետաքրքիր, յուրահատուկ և գրավիչ ուղղություններից մեկը։ Ես լիահույսեմ, որ մեր այսօրվա քննարկումները կնպաստեն, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները», - ասել է Վահան Քերոբյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունն ամենօրյա հետևողական աշխատանք է կատարում, որպեսզի գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, որոնք հանդիսանում են Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտները, ներդաշնակ զարգանան և խթան դառնան մեկը մյուսի համար՝ ապահովելով կայուն տնտեսական աճ։ Նախարարի խոսքով, զբոսաշրջության զարգացման քայլերը նախանշելիս, հաշվի են առնվում գյուղական համայնքներում ենթակառուցվածքների, ինչպես նաև այդ վայրերին բնորոշ գյուղատնտեսության զարգացման, գյումթերքի վերամշակման, գյուղական միջավայր ժամանակակից տեխնոլոգիանների, թվային վերափոխումների ներմուծման (միաժամանակ պահպանելով տեղի ազգային ավանդույթները) և այլ բազմաթիվ խնդիրները։
Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր միջազգային գործընկերներին իրականացվող աշխատանքներում գործուն աջակցության համար և հույս հայտնել, որ Հայաստանին կհաջողվի լուրջ հաջողություններ գրանցել տնտեսության և, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։
ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին իր խոսքում նշել է, որ մեծ հաճույք է սկցել գյուղական զարգացման աշխատանքը Հայաստանից։ Նա հավելել է, որ Հայաստանը միշտ ցույց է տվել, թե ինչ հրաշալի մթերք ունի և ընդգծել գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացման, դասընթացների անցկացման, նոր աշխատատեղերի ստողծման կարևորությունը, գյուղական համայնքների երիտասարդությանը զբոսաշրջության ոլորտ ներգրավելու անհրաժեշտությունը։
Համաժողովին մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեղության ոլորտում իրականացվող աշխատանքը։
Համաժողովի ընթացքում անցկացվել է վարպետաց դաս «Զբոսաշրջություն, գաստրոնոմիա և գինի․ ինչպես ստեղծել տեղական նորարարական արդյունք» թեմայով։ ՄԱԿ ԶՀԿ-ն և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, իրականացրել են վարպետության դաս՝ ներկայացնելով այն ուղիները, որոնցով զբոսաշրջությունը կարող է նպաստել գյուղական շրջանների եւ համայնքների զարգացմանը ետհամաճարակային շրջանում:
Վարպետաց դասն անց է կացվել Բասկերի խոհարարական կենտրոնի (Basque Culinary Center BCC) գաստրո զբոսաշրջության գիտակ Դավիթ Մորայի կողմից։ Միջոցառման ընթացքում Դավիթ Մորան մասնակիցներին ներկայացրել է գաստրոնոմիայի և գինու համակցմամբ տեղական նորարարական արդյունքների ձևավորման հիմնական քայլերը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԶՀԿ-ն 2020 թվականը հայտարարել է Զբոսաշրջության և գյուղական զարգացման տարի։