ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 1-ին մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիս-քննարկմանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև պետական այլ կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, մասնավոր ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն իր խոսքում ներկայացրել է ոլորտի վերաբերյալ վիճակագրական որոշ տվյալներ և նշել, որ 2021 թվականին Հայաստանում կաթի արտադրությունը կազմել է շուրջ 671 հազար տոննա, որից օպերատիվ տվյալներով վերամշակման համար ծառայել է շուրջ 200 հազարը:
Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձել են որակյալ կաթի և կաթնամթերքի արտադրության խթանման գործում Պետություն-բիզնես-միջազգային համագործակցության մեխանիզմների դերին, պարենային անվտանգության ապահովման, արտադրողների, ֆերմերային տնտեսությունների կարողությունների հզորացման, գյուղատնտեսության շահութաբերության ավելացման հնարավորություններին, ինչպես նաև ոլորտի և տնտեսության կայուն զարգացման գործում շահագրգիռ բոլոր կողմերի հնարավոր ներգրավածության ուղղություններին վերաբերող թեմաների։
ՄԱԿ-ի որոշմամբ 2022 թվականին Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վայելի՛ր կաթնամթերքը - Enjoy Dairy» խորագրի ներքո։ Կաթի արտադրությունն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից և գյուղատնտեսության հիմնական ճյուղերից է։ Ուստի Հայաստանի համար ևս արդիական են կաթի արտադրության որակապես նոր մշակույթի ձևավորման, պարենային անվտանգության և բնական, մաքուր մթերքների ապահովման հիմնախնդիրների բարձրաձայնումն ու դրանց ուղղված լուծումների նախանշումը։
2001 թվականից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում հունիսի 1-ը նշվում է որպես Կաթի hամաշխարհային oր` հանրության ուշադրությունը սևեռելով ամբողջ աշխարհում կաթի՝ որպես գլոբալ կարևորություն ունեցող մթերքի նշանակության վրա։ Օրվա նպատակն է նպաստել հանրության շրջանում կաթի և կաթնամթերքի լայն օգտագործմանը, բարձրացնել բնական կաթի արտադրության և այլ ասպեկտների՝ ծագման, սննդային արժեքի, տնտեսական նշանակության մասին իրազեկվածության մակարդակը։