Մայիսի 19-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Investin.am նոր բիզնես-պորտալի շնորհանդեսին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն ասել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Investin.am բիզնես-պորտալի իմ ընկերներին այս նախաձեռնության համար։ Ես հավատում եմ, որ իրենց նվիրված աշխատանքի արդյունքում նրանք բեկում կմցնեն ձեռնարկատերերի համար ներդրումային կապիտալի շեշտակի հասանելիության բարձրացման գործում։ Իմ կարծիքով, Հայաստանում հիմնվող բոլոր ընկերությունները պետք է ձգտեն ագրեսիվ աճի՝ թիրախավորելով հիմնականում արտաքին շուկաները։ Հայ գործարարները պետք է ընդլայնեն իրենց մտահորիզոնն ու չսահմանափակվեն փոքր բիզնեսներով»։
Զարեհ Սինանյանն իր խոսքում ևս կարևորել է այս նախաձեռնությունը բիզնես միջավայրի էլ ավելի կայացման գործում և հույս հայտնել, որ այս պորտալը կնպաստի Հայաստաոնում ներդրումային միջավայրի բարելավմանը։
Investin.am բիզնես պորտալի ներդրումային նախագծերի կատալոգն ընդգրկում է տնտեսության տարբեր ոլորտներ՝ բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, տեքստիլ, վերականգնվող էներգետիկա, շինարարություն, առևտուր, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ժամանցի արդյունաբերություն և այլն:
Պորտալում ներկայացված են 100-ից ավելի ներդրումային նախագծեր, գործարկվել են ավելի քան 1800 արտահանող ընկերություններ և ներգրավված են շուրջ 250 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ:
Հարթակը նախատեսված է նաև օտարերկրյա ներմուծողների համար, որոնք Investin.am-ի միջոցով կարող են գտնել հայկական ապրանքներ և ծառայություններ արտադրող գործընկերներ։
Պորտալում առկա է հարկային օնլայն հաշվիչ, որի միջոցով հնարավոր է վայրկյանների ընթացքում հաշվարկել պոտենցիալ բիզնեսի հարկերը, նաև առկա է արտահանման ներուժի օնլայն հաշվիչ, որի միջոցով հնարավոր է հասկանալ, թե հայկական արտադրանքը որ շուկաներում մրցակցային հնարավորություններ ունի։
Հարթակը ստեղծվել է Ինվեսթ ին ԷյԷմ ՓԲԸ-ի կողմից, որի բաժնետերերը 11 տարբեր երկրներից են, իսկ հիմնական բաժնետերերն են` Հովսեփ Պատվականյանը և Արամ Կայֆաջյանը Հայաստանից: Ընկերությունը տրամադրում է բիզնեսին վերաբերող համապարփակ խորհրդատվական ծառայություններ` բիզնես գործարկելուց մինչև բիզնես պլանների մշակում և իրագործում: