ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին ընդունել է նիդերլանդական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ տնտեսության ոլորտում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել երկկողմ համագործակցության յուրաքանչյուր առաջարկ, որը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։
Նախարարը նշել է, որ ներկայում ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են Հայաստանի պարենային անվտանգության ապահովումը, արտադրության ծավալների ավելացումն ու արտահանումների արդյունավետ կազմակերպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում, ինչպես նաև արտադրության մաքսիմալացմանը վերաբերող հարցեր:
Առանձին անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, լոգիստիկ խնդիրների կարգավորմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանն ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությանը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը լոգիստիկ ծառայությունների կազմակերպման հոլանդական հարուստ փորձով։
Իր խոսքում նախարարը շեշտել է նաև հայկական արտադրանքը հատկապես դեպի եվրոպական նոր շուկաներ արտահանելու կարևորությունը։
Քննարկման թեմաների թվում էին Հայաստանի փոքր և միջին ձեռենարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը, ծաղկի արտադրությունը, գինեգործությունը, փորձի փոխանակման և երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցության հնարավոր ընդլայնումը։
Երկու երկրների տնտեսության ոլորտում առկա ներուժի վերաբերյալ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով, կարևորվել է ցուցահանդեսների և համաժողովների կազմակերպումը։