ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ միջազգային տնտեսական համագործակցության ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 17-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Ինստիտուցիոնալ հզորացման ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության աշխատակիցները։
Առաքելության նպատակն էր ԵՄ տեխնիկական աջակցության Թայեքս գործիքի կիրառմանն ուղղված կարիքների գնահատումը և իրազեկման բարձրացումը։
Արմեն Արզումանյանը կարևորել է ԵՄ հետ առևտրատնտեսական համագործակցւթյան խորացումը․ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը և այդ շրջանակներում ԵՄ աջակցության Թայեքս գործիքի կիրառման արդյունավետության շարունակական ապահովումը Հայաստանում։
ԵՄ կողմը ներկայացրել է շնորհանդես Թայեքս գործիքի, նրա կիրառման հնարավորությունների, Թայեքս հայտերի մշակման, ընթացակարգերի ստուգման, ծրագրերի իրականացման որակի ընդհանուր մշտադիտարկման և տեղեկատվության տարածման գործընթացների վերաբերյալ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Թայեքս գործիքի գործնական կիրառմանն առնչվող մի շարք հարցերի։
ԵՄ կողմը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Թայեքս գործիքի հայտադիմումների, դրանց կիրառելիության և ակտիվ մասնակցության համար։
Լրացուցիչ տեղեկատվություն
Թայեքսը Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրներին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ Հայաստանն օգտվում է Թայեքս աջակցություն գործիքից 2007 թվականից։