ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 14-ին մասնակցել է Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի բացման արարողությանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆաբ Լաբ Հայաստան–Դիլիջանի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաքլին Կարաասլանյանը։
Ֆաբ Լաբ Connect-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր, Ֆաբ Լաբ դպրոցի համահիմնադիր Սիմոն Ամբերը, Ֆաբ Լաբ դպրոցի գործադիր տնօրեն և համահիմնադիր, Ֆաբ Լաբ Connect-ի համահիմնադիր Նադեր Շատերյանը համառոտ ներկայացրել են իրենց տեսլականը Հայաստանում Ֆաբ Լաբի կայացման և հեռանակարների մասին։
Միջոցառումը հիանալի հնարավորություն էր բացահայտելու թվային արտադրությունը և Ֆաբ ակադեմիայի ծրագիրը, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն (MIT) ընձեռում է Ֆաբ Լաբ Հայաստան–Դիլիջանին՝ դասընթացների և նախատիպերի ստեղծման միջոցով՝ MIT պրոֆեսոր Նիլ Գերշենֆելդի առաջնորդությամբ:
Դիլիջանի կենտրոնական դպրոցում բացված Ֆաբ Լաբի համահիմնադիրները, ուսուցիչները և աշակերտները խոսել են իրենց նպատակների մասին, ներկայացրել իրենց գործունեությունը և աշխատանքները, որոնք պատկերացում են տալիս ապագայի մասին։ Այնուհետև տեղի է ունեցել աշակերտների աշխատանքների ցուցադրություն և ոչ ֆորմալ հաղորդակցություն միջոցառման մասնակիցների միջև։
Ֆաբ Լաբում կրթում են՝ ողջունելով կրեատիվ մտածելակերպը, խթանելով նախաձեռնողականությունը, տալով տեխնոլոգիական գիտելիքներ և զարգացնելով ստեղծարար միտքը՝ կյանքի տարբեր բնագավառների համար գտնելու յուրահատուկ լուծումներ։
Այստեղ պատկերացում են տալիս ֆիզիկական և թվային աշխարհների միաձուլման մասին։ Այստեղ սովորում են ապագան կերտելու համար։
Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի կայացմանը և բացման արարողության կազմակերպմանն աջակցել է ՀՀ Կենտրոնական բանկը։
Ֆաբ Լաբը «խելացի» լաբորատորիա է՝ զինված նորարարական տեխնոլոգիաներով։ Այն հնարավորություն է տալիս աշակերտներին և ուսանողներին կատարել տարբեր հետազոտություններ, փորձարկել նոր գաղափարներ։ Այստեղ կատարվող աշխատանքները կապված են ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլև նոր բիզնես մոտեցումների, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնետեսական և առողջապահության սարքավորումների ուսումնասիրման հետ։
Ֆաբ Լաբերը ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից և ներկայումս ակտիվորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ։
2021 թվականի տվյալներով, աշխարհում գործում է երկու հազարից ավել Ֆաբ Լաբ։