ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։
ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցմանն ու կանոնակարգմանը, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի, որոնք առավել հանգամանորեն կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առաւջիկայում նախատեսվող միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում։