Ապրիլի 5-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ՍՊԸ և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամ։
Ռաֆայել Գևորգյանը Մհեր Մեհրաբյանի ուղեկցությամբ, ով հանդիսանում է «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերության հիմնադիրը և տնօրենը, նաև «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի տնօրենը, շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական հնարավորություններին, առկա սարքավորումներին։
Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ պետությունը մտադիր է զարգացնել Հայաստանի արդյունաբերությունը՝ այն դարձնելով առավել գիտատար։ Նա նաև ներկայացրել է կառավարության կողմից բիզնեսի համար մշակված պետական աջակցության գործիքներն ու մեխանիզմները, նաև տեխնոլոգիաների առևտրայնացման գործիքակազմը, որոնք կարող են նպաստել գիտություն-տնտեսություն կապի ակտիվացմանը և գիտական արտադրանքի առևտրայնացմանը։ Ընկերությունների համար, ովքեր ցանկանում են արդիականացնել արտադրական հնարավորություններն ու նոր տեխնոլոգիաներ ներմուծել, սակայն ունեն մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության խնդիր, կառավարությունն իրականացնում է տնտեսության արդիականացման նոր ծրագիր։
Ծրագրի շրջանակում «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերությունը ևս օգտվել է արտոնյալ պայմաններով ֆինանսական միջոցներ ներգրավելու ծրագրից։ Մհեր Մեհրաբյանը նշել է, որ «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերության հիդրոպոնիկ սարքերը, որոնք հնարավորություն են տալիս գյուղացուն ստանալ անասնակեր հիդրոպոնիկ մեթոդով, ամբողջությամբ ստեղծվում են Հայաստանում։
Այնուհետև «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի տնօրենը և փոխտնօրեն Սաթիկ Նաիրյանը Ռաֆայել Գևորգյանին ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը, որի հիմքում Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքն է՝ հաստատվել Հայաստանում և, գիտության զարգացումը խթանելով՝ հզորացնել հայրենիքը, Հայաստանում ունենալ աերոտիեզերական մեքենաշինական արդյունաբերություն, Հայաստանը դարձնել աերոտիեզերական հավակնություններով երկիր:
«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նպատակն է ստեղծել մարդակենտրոն աջակցման համակարգ՝ տրամադրելով համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած, կամ վիրավորում ստացած անձանց, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ մասնագիտանալու ինժեներական, տեխնիկական և այլ նեղ մասնագիտությունների ոլորտում:
Ներկայումս հիմնադրամում կազմակերպվում են դասընթացներ, որոնց ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել արտադրական մասում։ Նախատեսվում է նաև գիտակրթական թանգարան-լաբորատորիաների ստեղծում, աերոտիեզերական մեքենաշինության զարգացում, աերոտիեզերական շարժիչների արտադրություն։