Մարտի 24-ին էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` կոշիկի և կաշվե արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին, նախանշել դրանց լուծման ուղիները և ոլորտի զարգացման հնարավորությունները:
Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին: Ծրագիրը Ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
«Մեր նպատակն է ունենալ բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերություն, արտադրել այնպիսի արտադրանք, որը արտահանելի և մրցակցային կլինի արտաքին շուկաներում: Կարևոր է նաև շուկաների դիվերսիֆիկացումը` հումքի և վաճառքի շուկաների տեսանկյունից: Ռազմավարությամբ փորձելու ենք լուծել նաև այս 2 խնդիրը», - նշել է Ռաֆայել Գևորգյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր՝ կապված հումքի, սարքավորումների ներմուծման, հարկային արտոնությունների, կադրերի պահանջարկի, մասնագետների ուսուցման, տեղական արտադրության և արտահանման խթանման, աշխատատեղերի ավելացման հետ: Անդրադարձ է եղել պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին, ինչպես նաև ընկերություններին օժանդակությանը` տարբեր ցուցահանդեսների մասնակցության համար։
Ռաֆայել Գևորգյանը հանդիպման ավարտին ընդգծել է նախարարության պատրաստակամությունը` աջակցելու ոլորտի զարգացմանը և հավաստիացրել, որ հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները և բարձրացված խնդիրները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում: Նա նաև նշել է, որ մեկնարկային այս հանդիպմանը կհաջորդեն այլ հանդիպումներ, ինչպես նաև այցեր արտադրամասեր, որոնց ընթացքում հավաքագրված առաջարկները կօգտագործվեն մշակվող ռազմավարության մեջ: