ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 4-ին այցելել է Արմավիրի մարզի Ակնալիճ համայնք՝ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին ընդառաջ ֆերմերներին հուզող խնդիրներին ծանոթանալու և գյուղոլորտում պետական աջակցության նոր ծրագրերի վերաբերյալ իրազեկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարարության ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման սկզբում Տիգրան Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է նախօրեին Կառավարության նիստում հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել տնտեսավարողների համար շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն:
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ծրագիրն իրականացվում է բոլոր մարզերում․ «Ծրագրի շրջանակում պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար տարածքում մշակություն իրականացնելու համար, կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը։ Ընդ որում, ծրագրից կարող են օգտվել նաև 3 հեկտարից ավել տարածք ունեցողները, սակայն կսուբսիդավորվի միայն 3 հեկտարի համար նախատեսված պարարտանյութը»։
Միաժամանակ Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է, որ ֆերմերները սուբսիդավորված պարարտանյութ կկարողանան ձեռք բերել միայն Էկոնոմիկայի նախարարության ցանկում ընդգրկված մատակարարներից և ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև մարտի 21-ը ներառյալ պետք է դիմեն համայնքի ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակը։
Այնուհետև Ակնալիճի ֆերմերներն անդրադարձել են համայնքի գյուղատնտեսական խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգմանն ու մթերումների արդյունավետ կազմակերպմանը։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ նախարարության պաշտոնյաներն առաջարկել են այդ խնդիրների կարգավորման և լուծման առավել նպատակահարմար եղանակները։ Քննարկվել են նաև տեղական գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանը, որակի բարելավմանն ու մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական ապահովագրությանն ու անասնաբուժական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։