Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այս անգամ եղել է Լուռու մարզի «Գլորիա», «Սարտոն» և «Տաշիր-կար» տեքստիլ ընկերություններում։ Նրան ուղեկցել է տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը:
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել արտադրամասերում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին և արտադրվող տեսականուն։ Նա ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու նշել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը։
«Գլորիա» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ընկերություններից մեկն է, որն ապահովում է 2887 աշխատատեղ Լոռու մարզի բնակիչների համար։ Ընկերության արտադրամասերը հագեցած են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրելու եվրոպական որակին և ստանդարտներին համապատասխան, բարդ տեխնոլոգիաներով մշակված հագուստ՝ համաշխարհային տարբեր բրենդների համար։
«Սարտոն» ընկերությունն ունի մոտ 350 աշխատատեղ, արտադրում է իտալական «MoncIer» ապրանքանիշի մանկական արտադրատեսականին։ Ընկերության հիմնական խնդիրն աշխատուժի պակասն է։
«Տաշիր-կար» ընկերությունն իրականացրել է տեխնոլոգիական վերազինում, ընդունում է մեծաքանակ պատվերներ արտերկրից։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական ծավալները, պարբերաբար համալրում է աշխատատեղերը, աշխատում է սեփական բրենդն ունենալու ուղղությամբ։
Այցերի ընթացքում հավաքագրված խնդիրների շարքում են դարձյալ տեքստիլ ոլորտի մասնագետների և նրանց վերապատրաստումների հարցը։ Այս հարցի լուծմանը կարող է նպաստել ինչպես միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը, այնպես էլ կարճաժամկետ դասընթացները, որտեղ առանց տարիքային սահմանափակումների կանայք կարող են համապատասխան հմտություններ ձեռք բերել և աշխատել տեքստիլ ընկերություններում։
Գործարարների հետ քննարկվել է նաև GSP+ համակարգի դադարեցման ազդեցությունն իրենց գործունեության վրա։ Գործարարների փոխանցմամբ GSP+ համակարգի դադարեցումն այս պահի դրությամբ էական հետևանքներ չի ունեցել իրենց արտադրության վրա։
«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում: