Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի միջև կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են նախօրեին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, համաժողովի մասնակից ռուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նարեկ Տերյանը նշել է․ «Հայ-ռուսական գործարար համաժողովն անցել է բավականին արդյունավետ, կազմակերպվել են ռուսական պատվիրակության որոշ անդամների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ։ Համաժողովի ընթացքում հայկական ընկերությունները հետաքրքվածություն են ցուցաբերել տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալել ռուս գործընկերների հետ»։
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևն իր կողմից նշել է, որ ռուսական պատվիրակությունը ձևավորելիս հաշվի է առնվել, որպեսզի կազմում ընդգրկված լինեն այնպիսի ընկերություններ, որոնք կկարողանան առաջարկել հատկապես հայկական շուկայում պահանջարկ ունեցող ապրանքներ։ «Գործարար համաժողովի ընթացքում կազմակերպվել են հետաքրքիր հանդիպումներ, ծագել նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք կհանգեցնեն ճյուղային տարբեր ուղղություններով նոր համագործակցությանը մեր երկրների միջև», - ընդգծել է Ալեքսեյ Գրուզդևը։
Այնուհետև ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն համառոտ ներկայացրել է հայ և ռուս գործարարների B2B ձևաչափով հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, կոմունալ սպասարկման, շինարարության, բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
Հանդիպումն ավարտվել է Հայաստանում հայ-ռուսական համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների քննարկմամբ։