ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 16-ին մասնակցել է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շնորհանդեսին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հիմնադրամի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։
Ծրագիրը, որի տևողությունը 42 ամիս է, իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում CARD հիմնադրամի կողմից Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապետական ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։
Կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Հայաստանի Հանրպետության անկախացումից ի վեր հանրապետությունում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման և հաշվառման աշխատանքներ, մինչդեռ համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետութան, այլև տարածաշրջանի համար։ Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվությունը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը առանցքային գործոն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով»։
ADA երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը բարձր է գնահատել 2011 թվականից սկսած Հայաստանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ երկու երկրները միմյանց հետ փորձի փոխանակման միջոցով կարող են լավ արդյունքների հասնել։
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ներդրումը կբարձրացնի վերահսկողական գործընթացների արդյունավետությունը բոլոր ճյուղերում, մասնավորապես՝ կենդանիների առողջության ապահովման, տեղաշարժի և պահման տարածքների, ինչպես նաև կենդանական ծագման մթերքների վերահսկողության մասով, ինչը շուկաներ մուտք գործելու հնարավորոթյոն կընձեռի արտադրողներին և կկանխի ոչ ապահով մթերքի շրջանառությունը։
Միջոցառման ընթացքում «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում ծրագրի» ղեկավար Նազելի Գրիգորյանը համառոտ ներկայացրել է ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, որոնք ներառում են փորձի փոխանակման այցեր և աշխատաժողովներ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, իրազեկման աշխատանքներ, անասնաբույժերի, ֆերմերների և պետաշխատողների ուսուցողական դասընթացներ։