Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոս Հռիփսիմե Մկրտչյանը։
Ողջունելով Թաիլանդի նորանշանակ դեսպանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Արշակ Ասլանյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի առաջընթաց գրանցել Հայաստանի և Թաիլանդի առևտրատնտեսական կապերի ամրապնդման հարցում։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է հյուրերին Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, տնտեսության զարգացման առաջնահերթությունները և գերակա ոլորտները, մեր երկրի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները։ Նա առաջարկել է քննարկել համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորությունը և համատեղ աշխատանք իրականացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացնելու նպատակով՝ օգտագործելով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավորությունները։
Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայտնել իր երկրի հետաքրքրվածությունը՝ ակտիվացնելու Հայաստանի հետ տնտեսական կապերը։ Նա առաջարկել է համատեղ աշխատել այն ուղղություններով, որտեղ կան համագործակցության լայն հնարավորություններ և, մասնավորապես, նշել ոսկերչության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները՝ շեշտելով հայերի հմտությունները և համբավը ոսկերչական գործում։ Թաիլանդի դեսպանը հավելել է, որ զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կարող է նպաստել Հայաստանում թայլանդական ներդրումների ավելացմանը։
Սասիվատ Վոնգսինսավատը հետաքրքրվել է նաև թվային տնտեսություն հիմնելու Հայաստանի տեսլականով և դրան ուղղված քայլերով, ինչպես նաև Հայաստանի տեխնիկական և ինժեներական կրթական համակարգով։ Դեսպանը նշել է նաև, որ կա հետաքրքրվածություն թաիլանդական շուկայում հայականան գինու և կոնյակի ներկայացվածությամբ և առաջարկել համագործակցել այս ոլորտներում ևս։
Էկոնոմիկայի փոխնախարարն, իր հերթին, առաջարկել է փոխանակել Հայաստանի և Թաիլանդի ոսկերչական ընկերությունների կոնտակտային տվյալները և հիմք ստեղծել վերջիններիս համագործակցության համար։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել փոխանցել հայկական գինեգործական և կոնյակագործական ընկերությունների տվյալները և խնդրել թաիլանդական կողմին տրամադրել գինու և կոնյակի ներկրմամբ զբաղվող ընկերությունների տվյալները։
Զրույցի ընթացքում Թաիլանդի պատվիրակությունը ընդգծել է բիզնես անելու համար աշխարհում ամենանպաստավոր պայմաններ ունեցող երկրների ցանկում Հայաստանի ներառված լինելու հանգամանքը և հետաքրքրվել երկրում գործող ընթացակարգերով, որոնց կիրառումը նպաստել է այդ ցուցակում Հայաստանի բարձր դիրք զբաղեցնելուն։
Բիզնեսի համար բարենպաստ պայմանների շարքում Արշակ Ասլանյանն առանձնացրել է Հայաստանում գործող հարկային արտոնությունների տրամադրման հնարավորությունները, կոռուպցիայի դեմ տարվող համակարգված պայքարը և բիզնեսի հիմնման հեշտացված ընթացակարգերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել քննարկած բոլոր կետերի շուրջ։