Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին:
Միջոցառմանը նաև մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության հարցերով խորհրդական-նախարար Ֆրենկ Հեսսը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ գյուղացիական տնտեսությունների բարելավման ու հողօգտագործման ձևերի կատարելագործման ուղղությամբ․
«Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ և հետաքրքրված լինեն այս ոլորտով։ Մեր հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան օգուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով», - նշել է Վահան Քերոբյանը։
Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր խոսքում նշել է․ «Համաժողովի նպատակն է պետական և ոչ պետական դերակատարների շրջանում մեծացնել հողային բարեփոխումների օրակարգի հիմքերի վերաբերյալ իրազեկման մասշտաբները, նպաստել քաղաքական երկխոսության զարգացմանը և որոշել հետագա անելիքները։ Չափազանց կարևոր է երկխոսության մեջ ներգրավել միջազգային զարգացման կազմակերպություններին և ձեռք բերել համաձայնություն՝ հողային բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցության ու գործընկերության վերաբերյալ»։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել «ՀՀ-ում հողային բարեփոխումների անհրաժեշտությունը և հայեցակարգային մոտեցումները» վերնագրով զեկույցի ներկայացմամբ։ Մասնավորապես, ելույթում նշվել է, որ հողային բարեփոխումների շրջանակում 2020 թվականին ընդունվել է հայեցակարգ, որով նախատեսված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել են։ Զեկույցում Արման Խոջոյանը նաև անդրադարձել է հայեցակարգի շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են հողի նպատակային նշանակության փոփոխմանը և չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշներին։
Արման Խոջոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 2043 հազ. հա, որից շուրջ 51%-ը արոտավայրեր են, իսկ վարելահողերը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերի 22%-ը։ Փոխնախարարը նշել է, որ վարելահողերի օգտագործման մակարդակն ավելի բարձր է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում, մինչդեռ Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում այդ ցուցանիշը դեռ ցածր է։ Միաժամանակ, Արման Խոջոյանն ընդգծել է, որ վարելահողերի օգտագործման ավելացման խնդիրն առկա է հանրապետության բոլոր մարզերում։
Միջոցառման ընթացքում պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և ոլորտի փորձագետները քննարկել են Հայաստանում հողերի չօգտագործման հիմնախնդիրի լուծման ուղիները և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը բարելավելու հնարավորությունները։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային համաձայնության ձևավորման գործընթաց։ Հողային բարեփոխումներին միտված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է:
Համաժողովը կխթանի համագործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում հողային բարեփոխումների շարունակական գործընթացի բարձր մակարդակի հանձնառությանը։
2019 թ. նոյեմբերին ՊԳԿ-ն մեկնարկել է հողերի կառավարման գործիքների և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման տեխնիկական աջակցության ծրագիր՝ աջակցելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը կարգավորիչ դաշտի ձևավորման և հողերի կառավարման գործիքակազմի ներդրման հարցերում։ Նպատակը՝ գյուղատնտեսական հողերի չօգտագործման հիմնախնդրի լուծումն էր և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավումը՝ նվազեցնելով հողերի մասնատվածությունը՝ խթանելով կամավոր հիմունքներով գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը։