Հոկտեմբերի 22-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը։
Դեսպան Կունյուկը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել նախարարի ներդրումը Հայաստանից արտահանման ցուցանիշների գրանցած աճի գործում։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր, մտքեր են փոխանակվել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ։
Նախարար Քերոբյանը դեսպան Կոնյուկին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Զբոսաշրջության կոմիտեի գլխավորությամբ հայկական զբոսաշրջային ընկերությունների այցը Բելառուս՝ ուսումնասիրելու Բելառուսի զբոսաշրջային գրավչությունը։ Այցի նպատակն է ամրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային կապը, ինչը կարող է նաև նպաստել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը։
Բելառուսի դեսպանն առաջարկել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կազմակերպել ընթացիկ տարվա նոյեմբերին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
Նախարարը ողջունել է դեսպանի առաջարկը և իր հերթին առաջարկել նիստի օրակարգում ներառել գյուղատնտեսությանը, արտահանմանը, ներմուծմանն ու գործարար միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ տնտեսական համագործակցության զարգացումը, նաև հավելել, որ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության զարգացման մեծ ներուժ է տեսնում՝ առաջարկելով առաջիկայում կազմակերպվող նիստին քննարկել նաև այն խնդիրները, որոնք այժմ խոչընդոտում են առևտրաշրջանառության ծավալների աճին։
Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի պատվիրակության կազմում ներգրավել նաև երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նախապես համապատասխանեցնելով միևնույն հետաքրքրություններ ունեցող ընկերությունների շրջանակը։