Օգոստոսի 13-ին նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Like Center» բիզնես կրթական կենտրոնի երևանյան մասնաճյուղի կրթական ծրագրից օգտվող երիտասարդ գործարարների հետ։
«Like Center» բիզնես կրթական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը նախարարին է ներկայացրել իրենց ուսումնական ծրագիրը՝ նշելով, որ կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ շատ երիտասարդ գործարարներ արդեն կարողացել են հիմնել իրենց բիզնեսը և գրագետ վարել այն, իսկ արդեն գործող բիզնեսներն՝ ապահովել կայուն աճ և դուրս գալ միջազգային շուկաներ։ Ուսումնական ծրագիրը, բացի բիզնեսի գրագետ վարման գիտելիքներ և հմտություններ փոխանցելուց, նաև օգնում է փոքր հայկական բիզնեսներին մուտք գործել միջազգային էլեկտրոնային վաճառքի հարթակներ և այլ արտահանման շուկաներ։
Երիտասարդ գործարարները նախարարին են ներկայացրել իրենց հիմնած բիզնեսների պատմությունը և մանրամասնել՝ որքանով են դրանք մեծացել ուսումնական ծրագրին մասնակցելու ընթացքում և ավարտից հետո։ Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ նրանք կարողացել են մեծացնել բիզնեսի շրջանառության ծավալները, բարելավել ծառայությունների որակը, բացել նոր մասնաճյուղեր, այդ թվում՝ ՀՀ համայնքներում։ Երիտասարդ գործարարների մի մասը, որոնց գործունեությունը հիմնականում արտադրանքների արտահանման ոլորտում է, շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ արտահանման գործընթացը գործարարների համար անհամեմատ հեշտացնելու համար։
Նախարարը նշել է, որ այսօր գործող էլետրոնային հարթակները լայն հնարավորություններ են ընձեռում գործարարներին ամբողջ աշխարհում իրենց արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնելու, նոր գործընկերներ ձեռքբերելու համար, և այդ հնարավորությունները գրագետ օգտագործելու դեպքում նրանք կարող են հասնել մեծ հաջողությունների։
Վահան Քերոբյանը երիտասարդ գործարարներից յուրաքանչյուրի հետ առանձին քննարկել է բիզնեսի ընդլայնման հնարավորությունները, խորհուրդներ տվել ներդրողներ ներգրավելու և բիզնեսն ընդլայնելու վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում երիտասարդ գործարարները ներկայացրել են այն խոչընդոտները, որոնց հանդիպել են իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև քննարկել միջազգային էլեկտրոնային հարթակներում գործունեություն ծավալելու համար ՀՀ քաղաքացիներին ներկայացվող պահանջների հարցեր։ Նախարարը խոստացել է անդրադառնալ բոլոր բարձրացված հարցերին և իր լիազորությունների սահմաններում լուծումներ գտնել վերջիններիս։