Հուլիսի 26-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող անդամները՝ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչները:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է նմանատիպ ձևաչափով պարբերական հադիպումների կարևորությունը ՓՄՁ ոլորտի աջակցության քաղաքականության մշակման համար և կարևորել խորհրդի ակտիվ գործունեության շարունակականությունը։
Հանդիպմանն ամփոփվել են նախորդ նիստին քննարկման ներկայացված և կարգավորված հարցերը, որոնց թվում էր պետական գնումներին մասնակցության ընթացակարգի պարզեցման հարցը․ մշտադիտարկումը ցույց կտա փոփոխության և նոր ընթացակարգի գործարկման արդյունավետությունը և ազդեցությունը գործարար համայնքի վրա: Անդրադարձ է կատարվել կարգավորման ընթացքում գտնվող մի շարք հարցերի, այդ թվում՝ ՓՄՁ-ների կողմից փաթեթների արտահանման գնային քաղաքականության վերանայման նպատակով վերլուծության անհրաժեշտության հարցին: Քննարկված հարցերի շարքում էին նաև ԴԱՀԿ կողմից ՓՄՁ սուբյեկտների պարտավորությունների վերադարձի գործիքակազմի բարելավման և հստակեցման, պատշաճ ծանուցման միասնական ձևաչափի մշակման անհրաժեշտության հարցերը, որոնք առաջացրել էին մասնավոր հատվածի մտահոգությունը։
Ընդգծելով փաստահենք տեղեկատվության կարևորությունը բարձրացված հարցերին լուծումներ տալու հարցում՝ Վահան Քերոբյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել և ներկայացնել վերլուծություն ԴԱՀԿ–ում ընդգրկված ՓՄՁ սուբյեկտների քանակի և կալանք դրված գումարների չափի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել ծանուցման վերաբերյալ համապատասխան իրավական կարգավորումները և ներկայացնել առաջարկություններ՝ դրանց միասնական ձևաչափի մշակման համար։
Բարձրաձայնվել է նաև ընտանեկան նպաստը չկորցնելու համար նպաստառուների՝ որպես աշխատող գրանցվելուց խուսափելու հարցը, որի քննարկման արդյունքում որոշվել է ուսումնասիրել միջազգային փորձը․ սա թույլ կտա մշակել նպաստառուների աշխատանքի անցնելու և կայուն եկամուտ ձևավորելու արդյունավետ տարբերակներ։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հաջորդիվ ենթախորհրդի կազմի հանդիպումները լինելու են առավել հաճախակի և դրանք միտված են լինելու ոչ միայն խնդիրների բարձրաձայնմանը ու լուծման տարբերակների մշակմանը, այլև համատեղ աշխատանքի շնորհիվ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ենթախորհրդի հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերի առաջին տասնօրյակում։