2021 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) հերթական՝ 59-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր հաջորդ երկու տարիների համար խորհրդի նախագահի ընտրության հարցը:
ՄՊԽ նախագահ ընտրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, Ստանդարտացման և չափման միջոցների տեսակի հաստատման բաժնի պետ Թերեզա Բաբայանը և գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը:
ՄՊԽ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարները հավանություն տվեցին նոր ստանդարտացման «Հալալ արտադրանք և ծառայություններ» միջպետական տեխնիկական հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀ տնտեսության համար կարևորելով նշված հանձնաժողովի գործունեության շրջանակները՝ Հայաստանի Հանրապետությունը հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվի որպես լիիրավ անդամ:
Նիստի ընթացքում քննարկվեց ՄՊԽ և ԻՍՕ միջև համագործակցության հեռանկարը, ներկայացվեց ԻՍՕ տարածաշրջանայաին ներգրավման քաղաքականությունը: Բարձրացվեց երկու կառույցների միջև հետագա համագործակցության զարգացման նպատակով համաձայնագիր կնքելու հարցը, որի դրույթները կքննարկվեն հաջորդ Ստանդարտացման միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի նիստին:
Խորհրդի անդամները կարևորվեցին ՄՊԽ մինչև 2030թ. զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների պլանով նախատեսված գործողությունների կատարման ապահովումը՝ ըստ սահմանված ժամանակացույցի: