ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը հուլիսի 2-ին այցելել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասում գործող «Միլք Ֆարմ» ՍՊԸ։
Ընկերությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակում հիմնվել է «խելացի» անասնաշենք, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով 2019 և 2021 թթ․ ձեռք են բերվել սիմենթալ ցեղի 90 գլուխ բարձրարժեք տոհմային կենդանիներ, որոնք ներմուծվել են Գերմանիայից և Ավստրիայից, իսկ ագրոլիզինգի ծրագրով ձեռք է բերվել կերախառնիչ-կերաբաշխիչ։
Ընկերության սեփականատեր Գարիկ Հովիկյանի և տնօրեն Գեղամ Թովմասյանի ուղեկցությամբ նախարարության պաշտոնյաները շրջել են ընկերությունում, ծանոթացել «խելացի» անասնաշենքում կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին, ներդրված սարքավորումներին։ Անասնաշենքը համապատասխանում է ծրագրով նախատեսված չափանիշներին, հագեցած է կթի սրահով, որտեղ կիթն ամբողջութամբ ավտոմատացված է։ Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (առաստաղի բարձրություն, օդափոխություն, լուսավորություն, ջուր), որոնք միտված են նպաստելու կաթնատվության բարձրացմանը:
Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է, որ ծրագրի պայմաններն ու ընթացակարգերը պարզեցված են և անասնաշենք կառուցելիս ֆերմերներն ազատ են շինանյութի ընտրության հարցում։
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրով մենք փորձում ենք նոր մշակույթ ներդնել անասնապահության ոլորտում, և հուսով եմ այս ընկերությունում կառուցված «խելացի» անասնաշենքը օրինակ կծառայի այլ ֆերմերների համար, որպեսզի նրանք նույնպես ավանդականից անցում կատարեն դեպի ինտենսիվ, անկապ բոքսային պահվածքի, ինչը թույլ կտա ապահովել ավելի բարձրորակ անասնաբուծական արտադրանք», - նշել է փոխնախարարը։
Տիգրան Գաբրիելյանը բարձր է գնահատել «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրի արդյունավետությունը և նշել, որ տնտեսավարողների մոտ հետաքրքրվածությունը ծրագրի հանդեպ գնալով մեծանում է։ Նշելով, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ հիմնվել է շուրջ 33 «խելացի» անասնաշենք, փոխնախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ անասնաշենքերի քանակը երկրում կավելանա։
Փոխնախարարը բարեհաջող է համարել նաև տավարաբուծության զարգացման ծրագրի ընթացքը, որի շրջանակում արդեն իսկ ձեռք են բերվել շուրջ 1100 գլուխ հոլշտին, սիմենթալ, անգուս ցեղի կենդանիներ, ընդ որում, կենդանիների մոտ 10-12 %-ը ձեռք է բերվել որպես ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանիներ։
Նկատի ունենալով հանրապետությունում ջրի սակավության պատճառով ֆերմերների մտահոգությունը՝ շրջայցի կարևոր նպատակներից էր այդ խնդրի լուծման նպատակով անասնակերի աճեցման այլընտրանքային տարբերակների ուսումնասիրությունը։ Սակավաջրությամբ պայմանավորված խնդիրներից խուսափելու և կենդանիներին առավել մատչելի ու սննդարար կերով ապահովելու նպատակով «Միլք ֆարմ» ընկերությունում ներդրվել է հիդրոպոնիկ կերի աճեցման մոդուլային համակարգ։ Այս եղանակով գարու սերմից ավտոմատացված կերպով այստեղ օրեկան ստացվում է շուրջ 300 կգ մաքուր, ախտահանված կեր։ Աճեցման գործընթացի մեկնարկից 7 օր անց արդեն իսկ կարելի է հավաքել առաջին օրվա բերքը և օգտագործել կենդանիների կերակրման համար։
Անդրադառնալով կերի աճեցման այս եղանակի արդյունավետությանը՝ Լևոն Տեր-Իսահակյանը, մասնավորապես, նշել է․ «Կանաչ զանգվածի հիդրոպոնիկ արտադրությունը, որն ուղղվում է կենդանիների կերակրմանը, բավականին արդյունավետ միջոցառում է։ Անկախ սեզոնայնությունից և եղանակային պայմաններից կենդանին ստանում է լիարժեք կերաբաժին, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ սննդատարրերով»։
Հաշվի առնելով իրականացված ուսումնասիրությունները՝ առաջիկայում նախատեսվում է մշակել պետական օժանդակության համապատասխան ծրագիր, որով տնտեսավարողները կկարողանան իրականացնել հիդրոպոնիկ եղանակով կանաչ զանգվածի արտադրություն հենց տնտեսության պայմաններում և կենդանիներին ապահովել անհրաժեշտ անասնակերով։
«Միլք ֆարմ» ընկերությունն առաջիկայում նախատեսում է ընդարձակել տնտեսությունը, ինչպես նաև ներդնել հիդրոպոնիկ կերի արտադրության ավելի ընդարձակ համակարգ։